Մամուլ

ՍԴ-ն դեռ չի կողմնորոշվում, թե ինչ անի. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Դեռեւս 2021-ի նոյեմբերի 23-ին «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների մեծ մասը՝ 26 պատգամավոր, դիմել էր Սահմանադրական դատարան՝ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքը հակասահմանադրական ճանաչելու հայցով: Մոտ 2 տարի անց՝ հուլիսի 7-ին, բարձր դատարանը վերջապես որոշել է դիմումը քննության առնել ՍԴ աշխատակարգային նիստում, սակայն քննելով դիմումը` այն կասեցնելու որոշում է ընդունել, քանի որ ՍԴ-ն հարցաշար է ուղարկել Գլխավոր դատախազություն՝ պահանջելով խնդրին առնչվող ավելի քան երկու տասնյակ հարցեր պարզաբանել։ Վարույթը կասեցնելու պաշտոնական հիմքը սա է. «Մինչեւ սույն որոշմամբ պահանջվող տեղեկությունների եւ այլ ապացույցների ստացումը»:

Կասկածից վեր է, որ դատախազությունն էլ իր հերթին ժամանակ կձգի, իսկ այդ ընթացքում ապօրինի գույքի գործով նոր հետապնդումներ կիրականացվեն։ Պատահական չէ, որ գործով զեկուցող է նշանակվել Վահե Գրիգորյանը։

Հիշեցնենք, որ «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքն ընդունվել է 2020 թվականի ապրիլի 16-ին։ Իսկ հայցը ստանալուց հետո ՍԴ-ն մեկ անգամ արդեն գործը կասեցրել էր` Վենետիկի հանձնաժողով դիմելու համար: Որից ամիսներ առաջ երկակի ու լղոզված պատասխան է ստացել եւ, փաստորեն, դեռ չի կողմնորոշվում, թե ինչ վճիռ կայացնի»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում։