Մամուլ

Ի՞նչ միջազգային չափանիշներ է ուսումնասիրում օմբուդսմենը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Եթե որևէ դատարանում նախատեսված է դռնբաց դատական նիստ, նշանակում է, որ լրագրողները ազատ կարող են մասնակցել, լուսաբանել և հանրայնացնել այն: Հայաստանի որևէ ներպետական օրենքով կամ միջազգային կոնվենցիաներով արգելված չէ դռնբաց նիստի լուսաբանումը:

Այս տարրական ճշմարտությունը ՀՀ օմբուդսմեն Անահիտ Մանասյանը չգիտի կամ չի ցանկանում իմանալ, դրա համար երեկ, պատասխանելով լրագրողների հարցի, թե ինչ իրավունքով է ԲԴԽ-ն արգելել իր դատական նիստի լուսաբանումը, որտեղ քնվում էր դատավոր Դավիթ Հարությունյանի լիազորությունների դադարեցման հարցը, ասել է. «Լրագրողների աշխատանքը պետք է լինի երաշխավորված պետական մարմիններում։ Ես չեմ խոսի ԲԴԽ-ի մասին, որովհետև խոսքը դատական վարույթի մասին է, և Մարդու իրավունքների պաշտպանի տեսանկյունից կարող է խնդրահարույց իրավիճակ ձևավորվել։ Պետք է լինի հստակ կանոնակարգ, որը կուղղի լրագրողների և քաղաքացիների ներկայացվածության պրոցեսը։ Մենք հիմա միջազգային չափանիշների ուսումնասիրություն ենք իրականացնում»։

Հատուկ օմբուդսմենի համար ընդգծենք, որ արդարադատության իրականացումն ապահովելու կարևորագույն բաղադրիչներից է արդարադատության իրականացման հրապարակայնությունը: Վերահսկողություն պետք է լինի դատական իշխանության նկատմամբ, և, ամենակարևորը, դատական իշխանությունը հաշվետու պետք է լինի հասարակությանը:

ՀՀ-ն` որպես մի շարք միջազգային կազմակերպությունների անդամ, ստորագրել է մարդու իրավունքներին վերաբերող կարևորագույն միջազգային փաստաթղթեր, որով պարտավորվել է հարգել մարդու իրավունքները, այդ թվում` արդար դատաքննության իրավունքը, որն իր մեջ պարունակում է հրապարակային դատաքննության իրավունքը:

Ի՞նչ միջազգային չափանիշներ է ուսումնասիրում օմբուդսմենը, երբ դրանք վաղուց կան, գրված են, պարզապես պետք է պահպանվեն, ինչը չի արվում»: