«Հրապարակ» թերթը գրում է․ «Ոստիկանությունն ուղիղ 100 մլն դրամ է տրամադրել մեքենաների վերանորոգմանը, որից 50 մլն-ն ծախսվել է 4 մեքենայի, իսկ մյուս 50 միլիոնը՝ 150 մեքենայի վերանորոգման համար։
Ոստիկանությունը հունիսի 29-ին մեկ անձից գնման ընթացակարգով 50 մլն դրամանոց պայմանագիր է ստորագրել «Տոյոտա Երևան» ՍՊԸ-ի հետ, այդ գումարի դիմաց կազմակերպությունը պետք է վերանորոգի 2022 թվականի արտադրության Camry 2.5, RAV 4, Fortuner 2.7, Fortuner 2.7 MT մակնիշի ավտոմեքենաները։ Եվս մեկ` 50 մլն դրամ արժողության պայմանագիր ոստիկանությունը ստորագրել է հուլիսի 3-ին, «Չեխ ավտո» ՍՊԸ-ի հետ՝ կրկին մեկ անձից գնման ընթացակարգով, ընկերությունից 2020-2021 թվականներին գնված 150 «Շկոդա Օկտավա» մակնիշի ավտոմեքենաների վերանորոգման համար, այսինքն՝ ամեն մեքենայի վրա մոտ 340 հազար դրամ է ծախսվել։
Նշենք, որ այս մեքենաներն օգտագործվում են պարեկային ծառայության կողմից։ Ժամանակին սխալ գնում կատարեցին` ընտրելով և բավական բարձր գին վճարելով «Շկոդային», հիմա էլ նույն ընկերությանը վճարում են՝ իրենց մեքենաները նորոգելու համար»: