Մամուլ

Հրավեր չի եղել․ Տիրան Խաչատրյանն արձագանքել է Անդրանիկ Քոչարյանին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ անվտանգության և պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որը նաև ղեկավարում է 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը, պարբերաբար հայտարարում էր, թե հրավեր է ուղարկել մի շարք զինվորականների և բարձրաստիճան պաշտոնյաների, բայց վերջիններս չեն եկել քննիչ հանձաժողով:

   Քոչարյանը հրապարակել էր զինվորականների և բարձրաստիճան նախկին պաշտոնյաների անունները, որոնք, ըստ նրա, վախենում են գնալ ԱԺ։

«Զինվորականներ կան, որոնք վախեցած են, օրինակ` Տիրան Խաչատրյանը, որը հրապարակայնորեն հրաժարվել է գալ նիստին։ Արտաքին քաղաքականության հարցերով ես հրավիրել եմ Վարդան Օսկանյանին, որը հրաժարվել է, բայց մենք նորից կուղարկենք հրավեր․ Արցախի հետ կապված լսումների ժամանակ ինքը պետք է բարի լինի, գա, որովհետև շատ հարցեր առնչվելու են ԱԳՆ-ի իրականացրած քայլերին»,- հայտարարել էր նա։

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում, սակայն, Տիրան Խաչատրյանը հերքեց Անդրանիկ Քոչարյանին՝ պնդելով, որ իրեն մինչ օրս հրավեր չի եկել:

Տիրան Խաչատրյանը մանրամասնեց, որ իրեն այս ընթացքում զանգահարել է Անդրանիկ Քոչարյանի քարտուղարը, հարցրել բնակության հասցեն, որպեսզի քննիչ հանձնաժողով գնալու հրավեր-նամակ ուղարկեն, սակայն այդպես էլ հրավեր չի եկել. «Ես ունեմ մի բնակարան, մեկ հասցե, որտեղ գրանցված եմ և ապրում եմ, ինձ երբևէ որևէ կառույցի կողմից նամակ չի եկել, ինձ հրավեր չի եկել»: Այսինքն՝ Անդրանիկ Քոչարյանը հրապարակավ ստել է՝ ասելով, թե մարդիկ չեն ներկայանում նիստերին: Թեև Տիրան Խաչատրյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ․ «եթե հրավերը հասնի էլ, միևնույնն է, չեմ գնալու»:

Փորձեցինք կապ հաստատել նաև Անդրանիկ Քոչարյանի հետ՝ հասկանալու, ի վերջո, հրավեր ուղարկվել է Տիրան Խաչատրյանին, թե ոչ, սակայն վերջինս, լսելով «Ժողովուրդ» օրաթերթի անունը, ասաց․ «Չի հետաքրքրում՝ «Ժողովուրդ» օրաթերթից եք, թե «տիեզերքից», ես հեռախոսով մեկնաբանություն չեմ տալու»,- անգամ հարցը չլսելով՝ Քոչարյանը նման տարօրինակ պատասխան տվեց ու անջատեց»։