Մամուլ

Մանրամասներ Արցախի նախագահի և պատգամավորների փակ հանդիպումից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ ԱԺ-ում փակ հանդիպում է ունեցել Արցախի պատգամավորների հետ. հանդիպումը տևել է մոտ 2 ժամ:

«Ժողովուրդ» օրաթերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հարությունյանի և Արցախի պատգամավորների փակ հանդիպումից: Տեղեկացանք, որ հանդիպման ժամանակ քննարկվել են անվտանգային հարցեր, ինչպես նաև օրենսդրական նախագծեր, նախագահը ներկայացրել է 2022 թվականի ծրագրի կատարման ընթացքը, ինչպես նաև պատասխանել է պատգամավորների հարցերին: Ինչպես «Ժողովուրդ» օրաթերթի Արցախի աղբյուրներն են հայտնում, Արայիկ Հարությունյանը բավականին ընկճված է եղել, անորոշ ու ոչ հուսադրող հայտարարություններ է արել Արցախի հետագա ճակատագրի, ճանապարհների շրջափակման մասով:

Արայիկ Հարությունյանը մասնավորապես ասել է, որ իրենց ձեռքում ոչինչ չկա, պետք է պայքարեն, իրենց ձայնը բարձրացնեն, բայց խնդրի լուծման բանալին իրենց ձեռքում չէ: Պատգամավորները Հարությունյանից հետաքրքրվել են՝ տեղյակ է արդյոք՝ ինչ են բանակցում Հայաստանի իշխանությունները, կապի մեջ է արդյոք նրանց հետ։ Հարությունյանը թեև ոչ ուղիղ, բայց հասկացրել է, որ իրեն էլ տեղյակ չեն պահում բանակցությունների մասին:

Պատգամավորները Հարությունյանի խոսքից հասկացել են, որ նա էլ այլևս ոչ մի հույս չի կապում Հայաստանի իշխանությունների հետ, Արցախի ապագան անորոշ է, պետք է հույսները միայն իրենց վրա դնեն: Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, Արայիկ Հարությունյանը վստահեցրել է, որ նրանք նույնպես ցանկանում են՝ շուտ լուծվի խնդիրը, բայց, մյուս կողմից, չեն կարող ուղիղ առճակատման մեջ մտնել ադրբեջանցիների հետ. նրանց առաքելությունը խաղաղության պահպանումն է»: