«Հրապարակ» թերթը գրում է. «Մարտի 10-ին Կապան-Առաջաձոր ավտոճանապարհին, Առաջաձոր գյուղի վարչական տարածքում դպրոցականներին տեղափոխող ավտոբուսը դուրս էր եկել երթևեկելի գոտուց և մոտ 5 մետր բարձրությունից գլորվել գետը։ Ավտոբուսում գտնվող անձանցից մեկը՝ դասվար Թամարա Դավթյանը, ստացած մարմնական վնասվածքներից մահացել էր, իսկ մյուս 22 ուղևորներն ստացել էին տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներ:
Փորձագիտական եզրակացության հիման վրա վթարի ողջ մեղքը բարդվել է 75-ամյա վարորդ Լեռնիկ Գրիգորյանի վրա, ով Սյունիքի մարզի դատարանում հայտարարելով, որ լիովին ընդունում է մեղքը և զղջում կատարվածի համար, դատարանից խնդրել է արագացված և համաձայնեցված դատաքննություն ու դատապարտվել 2 տարվա ազատազրկման։
Լեռնիկ Գրիգորյանը տրանսպորտային ծառայություններ մատուցող «Լավ ընկեր» ՍՊ ընկերության վարորդն էր։ Ընկերությունը պատկանում է ոմն Վահիկ Համբարձումյանին, ով դատախազ Մարատ Հակոբյանի աներն է և, ըստ մարզում շրջող լուրերի, փեսայի հովանավորչությամբ էլ կուժն ու կուլան կոտրել է 75-ամյա վարորդի վրա: Այն պարագայում, որ վթարված մեքենան տեխզննում անցած չի եղել, իսկ փորձաքննությունը չի կարևորել այդ փաստը։ Այսինքն՝ որքան Նիկոլ Փաշինյանը շատ է խոսում արդարության մասին, այնքան ավելանում են սուբյեկտիվիզմն ու հովանավորչությունը։ Տուժող երեխաների ծնողներն ու մանկավարժները, կարեկցելով ամբաստանյալին, դատարանում հայտարարել են, որ ոչ մի պահանջ չունեն վարորդից, որի կողքին պիտի այլ մարդիկ նստեին՝ ՍՊԸ ներկայացուցիչները»: