Մամուլ

Ի՞նչ ունեցվածք ունի տեսչական մարմնի ղեկավարը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը ևս պաշտոնավարման տարիներին բնակարան է ձեռք բերել:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ վերջին երեք տարում մեկ բնակարան և մեկ մեքենա է գնել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի թիվ մեկ վերահսկող պաշտոնյան: Մասնավորապես, 2022 թվականի հայտարարագրի համաձայն՝ Հովհաննես Մարտիրոսյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նորակառույցում 2021 թվականին տուն է գնել: Դրանից մեկ տարի առաջ՝ 2020-ին, 2006 թվականի արտադրության «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է գնել:

Չնայած սրան՝ նա տարվա վերջում բանկային հաշիվներին ունեցել է ընդամենը 309 հազար դրամ, իսկ կանխիկ դրամ ընդհանրապես չի հայտարարագրել:

Տեղեկացնենք, որ Մարտիրոսյանի եկամուտը մեկ տարվա ընթացքում կազմել 16 մլն դրամից ավել գումար, որը գոյացել է նրա աշխատավարձից ու ոստիկանությունից ստացված կենսաթոշակից:

Հավելենք, որ տեսչական մարմնի ղեկավարն այդ պաշտոնին նշանակվել է 2021 թվականի ապրիլին, որից առաջ տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ոստիկանության համակարգում»: