Մամուլ

ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման գործընթացը փակուղում է. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստան» խմբակցության նախաձեռնած ժամանակավոր քննիչ հանձնաժողովը, որը պետք է զբաղվեր ԱԺ պատգամավորների կողմից թույլ տված վարքականոնների խախտման դեպքերով, մնացել է օդում կախված:

Ընդդիմադիրների այս նախաձեռնության համար հիմք էր հանդիսացել հատկապես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ Երևանի կենտրոնում քաղաքացուն վիրավորելու և նրա վրա թքելու դեպքը, ՄԻՊ թեկնածուի քննարկման ժամանակ՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստին ՔՊ խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի խուլիգանական վարքագիծը, ինչպես նաև փետրվարի 3-ին՝ Լաչինի միջանցքի թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությունը՝ 120 հազար արցախցու համար չարժէ ռիսկի տակ դնել 3 միլիոն հայաստանցու ճակատագիրը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հանձնաժողովի ստեղծման գործընթացն այդպես էլ առաջ չի գնում: Բանն այն է, որ, նախ, ընդդիմությունն իր ներսում չի կարողանում հանձնաժողովի նախագահ գտնել: Սա էլ ամենը չէ. ՔՊ-ն է ամեն կերպ փորձում տապալել հանձնաժողովի ստեղծման գործընթացը, որևէ կերպ համաձայնության չեն գալիս հանձնաժողովի անդամների մասով: Հավելենք, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքը սահմանում է՝ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամների թիվը սահմանվում է Ազգային ժողովի որոշմամբ, իսկ հանձնաժողովի կազմը հաստատում է Ազգային ժողովի նախագահը: Ըստ նույն օրենքի՝ հանձնաժողովում տեղերը բաշխվում են խմբակցություններում ընդգրկված պատգամավորների թվի համամասնությամբ:

Այսպիսով, այս պահի դրությամբ հանձնաժողովի ստեղծման գործընթացը փակուղում է։ Չի բացառվում, որ համաձայնության չգալու պատճառով հանձնաժողովի ստեղծման նախագիծն այդպես էլ մնա թղթի վրա, իսկ եթե անգամ ձևավորվի, անդամներ չառաջադրելու հիմքով այն չի կայանա»: