«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ինչո՞ւ Ջալալ Հարությունյանը չի ներկայանում ԱԺ քննիչ հանձնաժողով։
Ապրիլի 18-ին ՀՀ ԱԺ պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը նշել էր, որ ասել է պարոն Փաշինյանին, որ, ըստ հերթականության, իրենք Ջալալ Հարությունյանին հրավեր են ուղարկելու 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի նիստին մասնակցելու համար:
«Պաշտոնական հրավեր դեռ չենք ուղարկել, բայց կուղարկենք։ Զոհրաբ Մնացականյանից հետո ես զրույց ունեցել եմ Ջալալ Հարությունյանի հետ, եւ այս լիագումար նիստից հետո կկազմակերպենք հանձնաժողովի եւ ՊԲ նախկին հրամանատարի հանդիպումը», – ասել էր Անդրանիկ Քոչարյանը՝ նշելով, թե պատահական չի, որ ընտրել են պաշտոնյային հրավիրելու հերթականությունը։
Սակայն լիագումար նիստը անցավ, բայց այդպես էլ Ջալալ Հարությունյանը ԱԺ չմտավ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Ջալալ Հարությունյանի չներկայանալը պայմանավորված է նրա քրեական գործի հետ, որը նախաքննական մարմինը կասեցրել է եւ նոր ռազմագիտական փորձաքննություն նշանակել։
Ըստ մեզ հասած լուրերի՝ նա իր մտերիմ շրջապատում կարծիք է հայտնել, որ հերիք չէ՝ իր նկատմամբ քրեական գործեր են հարուցել, մի հատ էլ այս պայմաններում ուզում են գնա հանձնաժողով։ Սակայն նկատենք, որ ՔՊ-ականները վստահ են, որ Նիկոլ Փաշինյանի՝ հանձնաժողով ներկայանալուց հետո հանձնաժողով կգա նաեւ Ջալալ Հարությունյանը:
Արդեն հայտնի է, թե երբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կգնա ԱԺ՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով՝ իրեն ուղղված հարցերին պատասխանելու։ Հանձնաժողովից հրավերն ուղարկվել է, դրական պատասխանը կառավարությունից ստացվել է։ Քննիչ հանձնաժողովում Նիկոլ Փաշինյանը կխոսի հունիսի 20-ին»: