Մամուլ

Հայտնի է սնանկության դատարանի դատավորի հրաժարականի պատճառը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանի կողմից երեկ ներկայացված ազատման դիմումը խորը արմատներ ունի։ Բանն այն է, որ ԲԴԽ-ն քաղաքացիական և սնանկության դատարանի 4 դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ է հարուցել, ու, ըստ դատական համակարգում տարածված լուրերի, լավ օրեր չեն սպասվում այն դատավորներին, որոնց մասով էլ հարուցվել են կարգապահական վարույթները։

Այդ դատավորներից մեկը Սամվել Թադևոսյանն է, որի մասով հարուցվել է կարգապահական վարույթ, ու, ըստ էության, նա չսպասեց ԲԴԽ-ի՝ հունիսի 19-ի նիստին և հետագա քննության որոշմանը ու մեկ քայլ առաջ անելով՝ լքեց դատական համակարգը։ Նշենք, որ Թադևոսյանի հրաժարականի մասին հայտնեց Դատական դեպարտամենտը՝ հայտնելով, որ հրաժարականի դիմումը օրենքով սահմանված կարգով քննարկվել է Խորհրդի կողմից, և համապատասխան որոշմամբ դատավոր Ս. Թադևոսյանի լիազորությունները համարվել են դադարած:

Իսկ ովքե՞ր են այն դատավորները, որոնց մասով ևս ԲԴԽ-ն հարուցել է կարգապահական վարույթներ, ու հունիսի 19-ին այդ առիթով առաջին նիստն է: Սամվել Թադևոսյանից բացի, թիրախում քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանն է, իսկ մյուս երկու դատավորները Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Տիգրան Պետրոսյանն ու Արտակ Բարսեղյանն են:

Հիշեցնենք՝ Եվրոպական դատավորների միությունը օրերս բավականին կոշտ հայտարարություն էր տարածել Հայաստանի դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական գործընթացների մասով՝ դրանք համարելով ճնշում անկախ դատական համակարգի վրա»: