«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնության վարքը մշտապես քննադատող ՀՀ իշխանությունները շարունակում են այդ երկրի հետ հարաբերություններն առաջնահերթ համարել։
«Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026) և 2022 թվականի կատարման ընթացքի ու արդյունքների մասին զեկույցը, տեղեկացավ, որ արտաքին քաղաքականության բլոկում ամենամեծ հատվածը նվիրված է հենց հայ-ռուսական հարաբերություններին։ Այն ներկայացված է հենց սկզբում՝ երեք էջի սահմաններում։ Եվ սա՝ այն դեպքում, երբ, օրինակ, Հայաստան-ԱՄՆ, Հայաստան-Ֆրանսիա հարաբերություններին գրեթե մեկ էջ է հատկացված։
Ամենաուշագրավն էլ այն է, որ Հայաստան-Չինաստան հարաբերությունները ներկայացված են ընդամենը ութ նախադասությամբ։ Հարաբերությունների նկարագրության քանակով մեծ է նաև Թուրքիայի հատվածը։ Հավելենք, որ ԵՊՀ-ում էլ հունիսի 13-ին մեկնարկել է հայ-ռուսական գիտակրթական ֆորումը, որի կազմակերպման և անցկացման համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը մոտ 23 միլիոն դրամ է տրամադրել Երևանի պետական համալսարանին։
Այս ֆորումի համար 100 անձ է ՌԴ-ից ժամանել։ Այս ամենի ֆոնին ՀՀ իշխանությունները մշտապես դժգոհում են»: