«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ամեն անգամ, երբ իշխող ֆրակցիայի պատգամավորները հանդիպում են Նիկոլ Փաշինյանի հետ, նիստ են անում, վարչապետի անվտանգության աշխատակիցները պահանջում են, որ պատգամավորների հեռախոսները եւ «խելացի» ժամացույցները հավաքվեն:
«Ժողովուրդ» օրաթերթի այս լուրը հաստատեց նաեւ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պարզաբանելով. «Այո՛, նիստերից առաջ պատգամավորների հեռախոսները հավաքում են: Եթե ժամացույց ասելով՝ նկատի ունեք «խելացի» ժամացույցները, այո՛, դրանք էլ են հավաքում»: Աղազարյանը բացատրեց, որ ԱԺ պատգամավորներից հեռախոսները հավաքելու պատճառն այն է, որ «նրանք չշեղվեն, կենտրոնանան նիստում քննարկվող հարցերին եւ «Տիկ-Տոկ» չմտնեն»:
Փաստորեն, ՔՊ-ականները, ըստ ՔՊ խմբակցության պատգամավորի, «Տիկ-Տոկ» ժամանցային հարթակի սիրահարներ են ու անգամ վարչապետի հետ հանդիպումների ժամանակ են մտնում»: