«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը 2022 թվականին նվիրատվություններ անելով է զբաղված եղել։
Նախարարը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացրել գույքի, եկամուտների, ծախսերի ու շահերի վերաբերյալ 2022 թվականի հայտարարագիրը։ Հայտարարագրից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նախարարը 2022 թվականի փետրվարի 15-ին Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքում գտնվող իր երեք հողամասերն ու անհատական բնակելի տունը նվիրրել է եղբորը՝ Վահան Սանոսյանին։ Ընդ որում՝ նույն այդ հայտարարագրի համաձայն՝ նա այդ հողամասերից մեկը ձեռք էր բերել 2003 թվականին, մեկ այլ հողամաս՝ 2020 թվականին, և տունն ու մյուս հողամասն էլ՝ 2021 թվականին, այն էլ՝ նույն օրը՝ հունիսի 28-ին։
Հայտարարագրի համաձայն՝ Գնել Սանոսյանն ապրում է Նոր Նորքում գտնվող բնակարանում, որի ձեռք բերման տարեթիվը հայտարարագրում պաշտպանված է, այսինքն՝ չի երևում։ Վերջինս ունի նաև 2012 թվականի արտադրության MERCEDES-BENZ մակնիշի ավտոմեքենա։
Անդրադառնանք նրա եկամուտներին. նախարարը 2022 թվականին ընդհանուր ստացել է 23 մլն 342 հազար դրամ եկամուտ, որից 20 մլնը նախարարի տարեկան աշխատավարձն է, 11 հազար դրամ ստացել է «Մարտիգ» համալսարանից և 2 մլն դրամ էլ՝ ՊԵԿ-ից»։