Մամուլ

Տեսչական մարմնում մասնագետներ չկան ծանր հանքարդյունաբերության ստուգումների համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությանը ենթակա բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը փորձ է անում ցույց տալ, թե աշխատում է. սոցիալական ցանցի պաշտոնական էջում հաղորդագրություններ է տարածում, սակայն իրականում այս մարմնում գործառույթներն ամբողջովին չեն կատարվում։ Տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը 2021թ. ապրիլի 22-ին է ՀՀ վարչապետի որոշմամբ նշանակվել ՀՀ կառավարությանը ենթակա բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար։

Տեսչական մարմնի գործառույթների մեջ նշված է․ «Տեսչական մարմինն իր նպատակն ու խնդիրներն իրականացնելու համար, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում եւ կարգով, իրականացնում է վերահսկողական եւ (կամ) օրենքով սահմանված այլ գործառույթներ, այդ թվում՝ կիրառում է պատասխանատվության միջոցներ բնապահպանության եւ ընդերքի ոլորտներում»։

Սակայն պաշտոնական հաղորդագրության մեջ որեւէ հանքավայրի ստուգման մասին տեղեկություն այդպես էլ չենք հանդիպել։
Իրականում պատճառն այն է, որ տեսչական մարմնում անգամ համապատասխան մասնագետներ չկան ծանր հանքարդյունաբերության ստուգումների համար: Նշենք, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն է համակարգում տեսչական մարմինների գործառույթը, զբաղվում կադրային հարցերով:

Նկատենք՝ Նիկոլ Փաշինյանը երկու տարի առաջ նշում էր. «Ուզենք, թե չուզենք, հանքարդյունաբերությունը շատ էական դեր է խաղում Հայաստանի տնտեսության համար, այդ թվում՝ անվտանգային համատեքստում»։ Եւ այս պայմաններում այս ոլորտը ստուգող մասնագետներ, չկան պետական տեսչական մարմնում»: