«Հրապարակ» թերթը գրում է. «Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Orion Summit 2023. «Ներդրումները դիրքավորում են Հայաստանը» խորագրով միջոցառմանը մասնակցելու համար պետբյուջեից 39 հազար 200 դոլար է վճարել։ Միջոցառումը կայանալու է հունիսի 19-22-ը, Նյու Յորքում: Ավելի վաղ նախարարությունն այս միջոցառումը ներկայացնում էր որպես Orion Worldwide Innovations-ի հետ մի չտեսնված համագործակցություն, որի շրջանակներում պետք է Հայաստանը «դրսերում» ներկայացվի որպես ներդրումների համար դրախտային երկիր։
«Այսօր աշխարհում մրցունակ են այն տնտեսությունները, որոնք ավելի ճկուն են և ներդրումներ են ուղղում նորարարական ոլորտներ․․․ Orion Summit 2023-ը նպաստավոր հարթակ կլինի ստարտափների և ներդրողների հանդիպման ու նրանց միջև գործարար նոր կապերի հաստատման համար»,- նշել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարը: Սակայն կազմակերպիչ ՍՊԸ-ի հետ նախարարության կնքած պայմանագրից տեղեկացաք, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն ընդամենը միջոցառման մասնակիցն է և մասնակցության գումար պետք է վճարի՝ պայմանագրի կնքումից հետո 5-օրյա ժամկետում»: