Մամուլ

Եկեղեցին քաղաքական ուղղություն է բռնո՞ւմ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն թերևս որոշել է քաղաքական գործունեություն ծավալել, քաղաքական հարցեր քննարկել՝ հոգևորական խնդիրներով զբաղվելուն զուգահեռ: Դրա վառ ապացույցը նաև նորաստեղծ «Գավիթ» հարթակի անդրանիկ քննարկումն էր:

Բանն այն է, որ այդ քննարկմանը մասնակցել են նաև եկեղեցականներ, ազգային, հասարակական, քաղաքական գործիչներ և տարբեր ոլորտների պատկառելի այլ ներկայացուցիչներ։ Պաշտոնական հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ զեկույցներ, ելույթներ են եղել, և որոշում է կայացվել շարունակել այդպիսի քննարկումները: Իհարկե, կարևոր է, որ Հայաստանի, Արցախի շուրջ ծավալվող գործընթացներին մասնակից լինեն մեծ թվով անձինք, ուժեր, սակայն այստեղ թերևս ամենաուշագրավն այդ ամենին հենց կաթողիկոսի մասնակցությունն է, որը միշտ է խոսել եկեղեցին քաղաքականությունից անջատ պահելու պատրաստակամության և կարևորության մասին:

Հունիսի 11-ին կգումարվի միաբանական հավաք: Թեմերից Մայր Աթոռ է ժամանել մոտ 7 տասնյակ հոգևորական: Նրանք ունեն խտացված դժգոհություն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունից, որի հետևանքով Հայաստանի և Արցախի քարտեզները փոքրանում են»: