«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի թիմակիցների միջև հերթական «ռազբորկան» է եղել, որն ուղեկցվել է ծեծկռտուքով ու կրակոցով։
Դեպքը տեղի է ունեցել մայիսի 28-ի երեկոյան, Բաբայանի թիմակիցներից մեկը որոշել է հաշիվ պահանջել ՏԿԵ նախկին նախարար, Բաբայանի աջակից Հայկ Խանումյանից, ով, ըստ մեր աղբյուրի, անհարգալից է արտահայտվել իրենց թիմակիցներից մեկի մասին, ասելով՝ էս լակոտն է՞լ է մեր թիմից:
Վերջինս էլ որոշել է պատիվ պահանջել։ Երկու կողմը՝ իրենց աջակիցներով, Ստեփանակերտի կենտրոնում, ոստիկանության շենքի մոտ տուրուդմփոց են սարքել։
ԱՀ դատախազությունում գործ է հարուցվել, հաղորդագրություն են տարածել, որ վեճի մասնակից կողմերը, «անթաքույց կերպով խախտելով հասարակական կարգն ու վարքագծի համընդհանուր ճանաչում ստացած նորմերը, բացահայտ անհարգալից վերաբերմունք արտահայտելով հասարակության նկատմամբ և խաթարելով ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ հերթապահների բնականոն աշխատանքը, դիտավորյալ կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգն ու բարձրաձայն հայհոյանքներ հնչեցնելով և հարվածներ հասցնելով՝ բռնություն են գործադրել միմյանց նկատմամբ», իսկ Ա․ Ա․-ն իր անվամբ հաշվառված «CZP-10M» տեսակի ատրճանակից օդ է կրակել:
Ըստ մեր աղբյուրի՝ կան ձերբակալվածներ։ Բաբայանի թիմակիցների նախորդ վիճաբանությունն էլ ավարտվել էր պատգամավոր Սեյրան Հայրապետյանի դանակահարությամբ։ Առհասարակ, Բաբայանի շուրջ հավաքվածների շրջանում հաճախ են վիճաբանություններ ու «ռազբորկաներ» լինում, հատկապես՝ հանրահավաքներից հետո»: