Մամուլ

Անահիտ Ավանեսյանն ամենուր է. ինչու է միշտ առաջին շարքերում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Վահան Քերոբյանի պես իրեն ցանկանում է փորձել տարբեր ոլորտներում: Ասվածի վառ ապացույցն այն է, որ առողջապահության նախարարը գրեթե ամենուր է և, հատկապես, այնտեղ, որտեղ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն է: Երեկ Անահիտ Ավանեսյանը վարչապետի հետ Երևանում մասնակցում էր Ժողովրդավարության հայկական ֆորումին և նստած էր հենց առաջին շարքում: Իհարկե, կարևոր ֆորում էր կազմակերպված Հայաստանում, սակայն հարց է առաջանում՝ ինչ կապ ունի առողջապահության նախարարը ժողովրդավարության հետ:

Մայիսի 28-ին էլ Անահիտ Ավանեսյանը մասնակցում էր «Վարչապետի գավաթ» մրցաշարին և կրկին առաջին շարքում էր կանգնած: Ստացվում է՝ կա՛մ նա էլ է գնում Վահան Քերոբյանի ճանապարհով և իրեն ցանկանում է փորձել տարբեր ոլորտներում, կա՛մ էլ սա հենց Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությունն է, որ փորձում է կին պաշտոնյաներին իր հետ տանել և Եվրոպայի աչքերում լավ տպավորություն թողել։

Ամեն դեպքում, ճիշտ կլինի, որ Անահիտ Ավանեսյանը զբաղվի իր ղեկավարած ոլորտով, որպեսզի ծանոթով բժշկությունը փոխարինվի ինստիտուցիոնալ բժշկությամբ, որտեղ աղքատները չվճարեն հարուստների փոխարեն, ինչպես այսօր է»: