Մամուլ

Ուշագրավ փոփոխություններ են սպասվում Հայաստանի դիվանագիտական կորպուսում. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Առաջիկայում ուշագրավ փոփոխություններ են սպասվում Հայաստանի դիվանագիտական կորպուսում` հատկապես եվրոպական առանցքային երկրներում պաշտոնավարող դիվանագետների շրջանում:

Մեր տեղեկություններով, հետ է կանչվելու Լիտվա, Լատվիա, Էստոնիայում պաշտոնավարող Հովհաննես Իգիթյանը: Մեզ չհաջողվեց պարզել` նրան որեւէ այլ երկիր գործուղելո՞ւ են, թե՞ դժգոհ են աշխատանքից եւ որոշել են վերադարձնել Հայաստան: Դանիայում, Նորվեգիայում, Շվեդիայում, Ֆինլանդիայում, Իսլանդիայում ՀՀ դեսպան Ալեքսանդր Արզումանյանին եւս տեղափոխում են․ նրան կնշանակեն Լեհաստանում դեսպան, որն այժմ համարվում է ավելի կարեւոր բնագիծ, քան սկանդինավյան երկրները: Լիտվայում դեսպան կնշանակվի ԱՄՆ-ի ՀՀ դեսպանությունում 6 ամիս աշխատած Արա Մարգարյանը:

Եվս մի տեղափոխություն․ Նիդերլանդներում եւ Լյուքսեմբուրգում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Բալայանը կտեղափոխվի Բրյուսել, ինչը նույնպես մեծ վստահություն է ընդդիմադիր հայացքներ ունեցող Կիմ Բալայանի որդու նկատմամբ: Այլ փոփոխություններ եւս նախատեսվում են դիվանագիտական կորպուսում, որոնց կանդրադառնանք առաջիկայում»: