«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․
«Կառավարությունն իր վերջին նիստում հավանության արժանացրեց նախագահին, վարչապետին եւ ԱԺ նախագահին, ինչպես նաեւ նրանց ընտանիքի անդամներին պետական բյուջեի միջոցների հաշվին բժշկական օգնության ու սպասարկման կազմակերպման եւ ֆինանսավորման մասին որոշման նախագիծը։ Հետայսու ոչ միայն այդ երեք բարձրաստիճան պաշտոնյաները, այլեւ նրանց կանայք, երեխաներն ու ծնողները բուժում կստանան մեր վճարած հարկերի հաշվին։ Թե քանի միլիոնավոր դրամներ կհոսեն այդ նպատակով, ցույց կտա ժամանակը, բայց այս որոշումը աչքի է ընկնում մեկ այլ իրողության ֆոնին. մայիսի 17-ին՝ ադրբեջանական հերթական ռազմական ագրեսիայի ժամանակ, մահացու վիրավորում էր ստացել ոչ միայն զինծառայողը, այլեւ ադրբեջանական ԶՈՒ-ն կրակել էր վիրավորին օգնության հասած շտապօգնության մեքենայի վրա՝ վիրավորելով բուժակին։
Ինչպես նկարներից պարզվեց, այդ մեքենան հնամաշ մեքենա էր, մինչդեռ իշխանությունները կարող էին այդ գումարներն ուղղել ոչ թե սեփական բարեկեցությանը, այլ զրահապատ շտապօգնության մեքենաներ ձեռք բերելուն։ Դրա հնարավորությունը կա։ Փոխարենը կառավարությունը որոշում է ընդունում պաշտոնյաների ու նրանց ընտանիքի անդամների անվճար բուժօգնության մասին, մարդկանց, որոնք այսօր փոխադրվում են զրահապատ մեքենաներով։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։