«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ուշագրավ իրավիճակ է քրեակատարողական հիմնարկներում։
Խնդիրը հասել է այնտեղ, որ ՔԿՀ աշխատակիցներն են դատապարտյալների հետ գործարքի գնում ու կլորիկ գումար «մեջ-մեջ» անում։ Այս իրավիճակում հարց է առաջանում՝ ինչով է զբաղված ՔԿ ծառայության պետ Սերգեյ Ատոմյանը, երբ, իր ղեկավարած կառույցում, իր աշխատակիցները գործարքի մեջ են մտել դատապարտյալների ու նրանց հարազատների հետ։
Նշենք, որ երեկ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն հայտնեց, որ կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ՝ հիմնավորվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցներ Հ. Խ.-ն եւ Ա. Գ.-ն, ի պաշտոնե լիազորված լինելով ապահովել քրեակատարողական հիմնարկում ներքին ծառայության եւ անվտանգության պահպանման կարգը, նախնական համաձայնությամբ, ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու՝ հիշյալ ՔԿՀ բջջային հեռախոսներ փոխանցելու համար, նույն հիմնարկի դատապարտյալներից պարբերաբար ստացել են շուրջ 2.827.800 ՀՀ դրամ կաշառք։ Նշենք՝ այս բացահայտումները արվել են հենց Ատոմյանի ղեկավարման օրոք։