Մամուլ

Արցախում նոր ճակատներ են ձևավորվել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախում, անվտանգային խնդիրներին զուգահեռ, ներքաղաքական կյանքը ևս լարված է: «Ժողովուրդ» օրաթերթն Արցախի իր աղբյուրներից տեղեկացավ, որ այս օրերին Արցախում ձևավորվել է երեք ճակատ՝ Արայիկ Հարությունյան-Սամվել Բաբայան-Ռուբեն Վարդանյան: Մեր տեղեկություններով՝ վերջիններս գրեթե ամենօրյա ռեժիմով հանդիպումներ են ունենում տարբեր քաղաքական ուժերի, քաղաքացիների հետ, այլ կերպ ասած՝ փորձում են իրենց դիրքերն ամրացնել ու ամուր հենարան ստեղծել իրենց համար Արցախում:

Թե որն է անվտանգային նման ծայրահեղ իրավիճակում ներքաղաքական լարումների պատճառը, շատ արցախցիների համար դեռ պարզ չէ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ այս առումով առավել ակտիվ է հատկապես Սամվել Բաբայանը: «Ժողովուրդ» օրաթերթը որոշ ժամանակ առաջ գրել էր, որ վերջինիս մոտ նախընտրական տրամադրություն է. շտաբներ է ձևավորում, տարբեր ֆորմատներով հանդիպումներ է ունենում քաղաքացիների և քաղաքական շրջանակների հետ: Մեզ տեղեկացրին նաև, որ Բաբայանն անգամ քաղաքացիներին փողոց դուրս գալու կոչեր է անում: Նա Արցախում ինչ-որ պաշտոն ստանալու անհագուրդ ցանկություն ունի, թեև, ինչպես մեզ վստահեցրին, Արցախում Սամվել Բաբայանի նկրտումներին այնքան էլ լուրջ չեն վերաբերվում. հավանական չեն համարում, որ Արայիկ Հարությունյանը նրան որևէ պաշտոնի նորից կնշանակի»: