«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» խմբակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի գործով նախաքննությունն ավարտվել է: Ազգային անվտանգության ծառայությունն այն կուղարկի դատարան: Խոսքը 2017թ.-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ ԲՀԿ-ի օգտին ընտրակաշառք բաժանելու գործին է վերաբերում, որով մեղադրանք է առաջադրվել 9 անձի, այդ թվում՝ Ծառուկյանին՝ ընտրակաշառք տալը կազմակերպելու համար։ ևս 5 մարդու էլ մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար։ Այս գործով հարցաքննվել է 162 մարդ։
Հիշեցնենք, որ նախորդ գումարման խորհրդարանում Գագիկ Ծառուկյանին զրկել էին պատգամավորական անձեռնմխելիությունից, նրան մեղադրանք էր առաջադրվել, սակայն գրավի դիմաց ազատ էր արձակվել: Հետաքրքիր է, որ այս գործով մեղադրվող բոլոր անձանց առնչվող քրեական գործերը կարճվել են, և միայն Ծառուկյանի գործն է ուղարկվում դատարան»: