«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպես օրերս գրել էինք, ապրիլի 6-ին նշանակված էր Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային փորձարարական «Գոյ» կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար հայտարարված մրցույթ: Պաշտոնին հավակնում էր 2 թեկնածու՝ Սարգիս Արզումանյանն ու Էլիզա Մանթաշյանը:
Թատրոնի գեղղեկավար Արթուր Սահակյանը մեզ հետ զրույցում նշեց, որ թեկնածուներից Էլիզա Մանթաշյանը չի ներկայացել, քանի որ վատառողջ է եղել, իսկ մյուս թեկնածուն չի հաղթահարել թեստավորման փուլը: Թե ինչ է լինելու հետո, Արթուր Սահակյանը նշեց, որ, հավանաբար, նոր մրցույթ կհայտարարվի։
Հիշեցնենք, որ ԿԳՄՍ նախարարությունում արդեն մի քանի շաբաթ է՝ քննարկվում է նախագիծ, համաձայն որի՝ նախատեսվում է Արմեն Մազմանյանի անվան բեմարվեստի ազգային, փորձարարական «Գոյ» կենտրոնը լուծարել, վարչական մասը կրճատել, իսկ ստեղծագործական կազմը միավորել Գ․ Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ, ինչպես ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն է նշել՝ որպես «էքսպերիմենտալ թատերական խմբակ»:
Այս առիթով «Գոյ» թատրոնը սկսել է «ԳՈՅաՄԱՐՏ», «Գոյն արարելու իրավունք ունի» արշավը, որի շրջանակներում իրենց ֆեյսբուքյան էջում հրապարակել ու հրապարակում են մի քանի տասնյակի հասնող թատերական գործիչների (ռեժիսորներ, դերասաններ) տեսաուղերձները` ի աջակցություն «Գոյ» թատրոնի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում