Մամուլ

Մհեր Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն կներկայացնե՞ն․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Գլխավոր դատախազությունը պատրաստվո՞ւմ է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու միջնորդություն ներկայացնել ԱԺ՝  նրան անձեռնմխելիությունից զրկելու հարցով․ երեկ դատախազությունից ասացին՝ մեկնաբանություն չունեն։ Իսկ կեսօրին, 72 ժամ ձերբակալությունից հետո Սահակյանն ազատ արձակվեց, օրենքի պահանջով։ Որպեսզի նրան մեղադրանք առաջադրվի, դատախազությունը նախ պետք է ԱԺ-ի համաձայնությունը ստանա։

Ըստ օրենքի, պատգամավորին անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը քննարկվում է միայն հերթական նստաշրջանի ընթացքում, որը կմեկնարկի ապրիլի 11-ին։

Ըստ որոշ տեղեկությունների, իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել՝ ընդդիմադիրին խստորեն պատժել. միջադեպից րոպեներ անց ՔՊ-ականները հավաքվել են «դեպքի վայրում»՝ պետաիրավական հարցերի հանձնաժողովում, ոմանք պնդել են, որ դատախազը պետք է մտնի ԱԺ։ Սակայն հանգստյան օրերին Կասկադում տեղի ունեցած միջադեպը, երբ Ալեն Սիմոնյանը թքել էր կանադահայ քաղաքացու դեմքին, կարող է անհնարին դարձնել Սահակյանի նկատմամբ հաշվեհարդարը, քանի որ հանրային բողոքի ալիք կարող է բարձրանալ։ Կստացվի, որ Վահագն Ալեքսանյանին և Ալեն Սիմոնյանին թույլատրված է մարդկանց նկատմամբ բռնություն գործադրել, իսկ ընդդիմությանը՝ պաշտպանվել՝ ոչ։

Հիշեցնենք, որ անցած ուրբաթ ընդդիմադիր պատգամավորի և ՔՊ-ական Վլադիմիր Վարդանյանի միջև վեճն ավարտվել էր բռնությամբ, Սահակյանը հարված էր հասցրել իշխանականի դեմքին»: