Մամուլ

Պայքար ՄԻՊ պաշտոնի համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երկարատև փնտրտուքներից հետո ԱԺ խմբակցությունները վերջապես ՄԻՊ թեկնածուներ են գտել: Իշխող ՔՊ խմբակցությունը ՄԻՊ թեկնածու է առաջադրել գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին, իսկ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցություններն էլ ՄԻՊ թափուր պաշտոնում առաջադրել են ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի թեկնածությունը: Փաստացի այս պահին ՄԻՊ թեկնածուները երկուսն են:

Ըստ «ԱԺ կանոնակարգ» օրենքի՝ թեկնածուների առաջադրման ժամկետը լրանալուց և առնվազն մեկ թեկնածու առաջադրվելուց հետո` երկշաբաթյա ժամկետում, Ազգային ժողովին թեկնածու առաջարկելու մասին հարցը քննարկվում է իրավասու մշտական հանձնաժողովի, այս դեպքում՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի առաջիկա հերթական նիստում կամ կարող է քննարկվել հանձնաժողովի արտահերթ նիստում:

Ազգային ժողովին ՄԻՊ թեկնածու է առաջադրվում ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի որոշմամբ՝ խմբակցությունների առաջադրած մեկական թեկնածուների թվից, այսինքն՝ գլխադասային հանձնաժողովի անդամներն իրենց քվեարկությամբ պետք է ընտրեն առաջադրված թեկնածուներից մեկին և նրան առաջադրեն ԱԺ-ին»: