Մամուլ

Բացառիկ մանրամասներ․ ի՞նչ է ներկայացրել Օնիկ Գասպարյանը քննիչ հանձնաժողովի նիստում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողով հրավիրված ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին ՔՊ-ականները որևէ քաղաքական հարց չեն տվել, թե, օրինակ, ինչու նա պահանջեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականը:

Փոխարենը ՔՊ-ականները, բերանները ջուր առած, 5 ժամ լսել են Օնիկ Գասպարյանի ելույթը, իսկ արդեն հարցուպատասխանի ռեժիմի ժամանակ տվել են որոշ հարցեր՝ պատերազմի հետ կապված, թե ում մեղքն էր, որ պարտվեցինք այս կամ այն տարածքում և այլն:

Մեր հավաստի աղբյուրների փոխանցմամբ՝ Օնիկ Գասպարյանին հարց է տրվել Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին. «Մենք պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որովհետև մեր բանակում գործել է հինգերորդ շարասյուն: Սա իմ համոզմունքն է մի շարք փաստերի վերլուծության արդյունքում»:

Այսինքն՝ խոսքը դրսի դրդամբ ներքին խարդավանքների մասին է: ՔՊ-ականները ցանկալի պատասխան չեն լսել: Հավելենք, որ հաջորդը ԱԺ հանձնաժողով կգա ԳՇ նախկին պետ, մեղադրյալի աթոռին հայտնված Արտակ Դավթյանը»: