«Հրապարակ» թերթը գրում է. «Շիրակի մարզի Անի համայնքում, որտեղ մարտի 26-ին ՏԻՄ ընտրություններ են նշանակված, իշխանական թեկնածուի համար գործի է դրվել ողջ վարչական ռեսուրսը։ ՔՊ-ի ցուցակը գլխավորող թեկնածու Արման Սարիբեկյանի քարոզարշավին են լծվել բոլոր շերտերը՝ իշխանական պատգամավորներից, մարզպետից մինչեւ թաղային հեղինակություններ։
Պատմում են, որ մարզպետը, բանուգործը թողած, աշխատանքային ժամերին մարզպետարանի ենթակայությամբ գործող հիմնարկների անձնակազմերի հետ ժողովներ է անում եւ ՔՊ-ին ընտրելու հրահանգներ իջեցնում։ Սոցիալական օգնություններ են բաժանում։ Իսկ թեկնածուն եւ իր կողմնակիցները, ողջ օրը դռնեդուռ ընկած, խոստումներ են տալիս բնակիչներին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 26-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններով հնարավոր չեղավ Անիում իշխանություն ձեւավորել, վարչապետի հրամանով համայնքապետի ԺՊ նշանակվեց ՔՊ-ի թեկնածու Արման Սարիբեկյանը, ով մինչ այդ «Հայփոստի» տեղի պատասխանատուներից էր։
Նախորդ անգամ պայքարը 18 տարվա համայնքապետ, նախկին ՀՀԿ-ական Արտակ Գեւորգյանի ու ՔՊ-ի միջեւ էր, ՔՊ-ն ձայների քանակով զիջել էր նախկին համայնքապետին։ Այժմ3-ի փոխարեն մասնակցում է 4 քաղաքական ուժ՝ «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը, որը գլխավորում է Անի խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արտակ Գեւորգյանը, ՔՊ-ն՝ Արման Սարիբեկյանի գլխավորությամբ, նորաստեղծ «Հայկական երազանք» կուսակցությունը, որի առաջին համարը Ագուն Սաղաթելյանն է, եւ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը՝ Արմենակ Նաջարյանի գլխավորությամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում