Մամուլ

Թևակոխել ենք քաղաքական նոր շրջափուլ․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Թևակոխել ենք քաղաքական նոր շրջափուլ՝ դիրքավորման կամ հիասթափության շրջան։ Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի երբեմնի ակտիվ քննադատներից շատերն այսօր կա՛մ թուլացրել են քննադատության չափաբաժինը, կա՛մ ընդհատակ անցել: Ասենք, «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը, Վահե Հակոբյանը, որոշ իմաստով՝ նաև «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, 5165 շարժման համահիմնադիր Կարին Տոնոյանը, ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, նախկին բարձրաստիճան զինվորականներ Օնիկ Գասպարյանը և այլք։

Մարդիկ, որոնք ամիսներ առաջ անխնա քննադատում էին Նիկոլ Փաշինյանին ու իշխանություններին, այսօր կա՛մ պասիվացել են ու մեղմ լեքսիկոն որդեգրել, կա՛մ ընդհատակ անցել։ Հանուն արդարության նշենք, որ նույն գծի մեջ է նաև ԱԺ ընդդիմությունը` իշխանության դեմ 1-2 խոսող է մնացել: Եվ անգամ սկանդալային իրադարձությունները նրանց չեն ստիպում իշխանություններին կտրուկ քննադատել և իրենց օգտին ծառայեցնել, օրինակ, քովիդի գծով բացահայտումները: Պարզ է, որ մարդիկ չեն սիրում համառ և հետևողական պայքար մղել` կեսճանապարհից հոգնում են՝ համարելով, որ իրենց քննադատությամբ ոչինչ փոխել չեն կարող: Ոմանց էլ իշխանությունն է իր գործիքակազմով լռեցրել կամ «գնել»։