«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը հանձնարարել է «Մարտի 1»-ի գործը հսկող դատախազ Հայկ Հովհաննիսյանին Հակակոռուպցիոն կոմիտեից պահանջել «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Գեղամ Պետրոսյանի մասով նյութերը, ուսումնասիրել այն մանրակրկիտ և որոշում կայացնել: Նշենք, որ 2008 թվականի «Մարտի 1»-ի գործով ցուցարար Զաքար Հովհաննիսյանի սպանության համար մեղադրվող ոստիկանության զորքերի շտաբի նախկին պետ Գեղամ Պետրոսյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու և գործի վարույթը կարճելու մասին միջնորդություն էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին փաստաբան Վաղարշակ Գևորգյանը։
Բանն այն է, որ ավելի քան երեք տարի առաջ ՀՔԾ-ն հայտարարել էր, որ բացահայտել են 2008 թվականի մարտի 1-ին արձանագրված 10 մահվան դեպքերից մեկը։ Նշվում էր, որ 2008 թվականին ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատարի տեղակալ-շտաբի պետի պաշտոնը զբաղեցրած Գեղամ Պետրոսյանը հրազենի գործադրմամբ դիտավորությամբ կյանքից զրկել է Զաքար Հովհաննիսյանին: 2019 թվականի հունիսի 7-ին Գեղամ Պետրոսյանը կալանավորվեց։ Նշենք, որ Զաքար Հովհաննիսյանը հրազենային վնասվածք է ստացել որովայնի շրջանում Մաշտոցի պողոտայի մոտակայքում 2008 թվականի մարտի 1-ի ուշ երեկոյան «Մակարով» տեսակի ատրճանակից արձակված կրակոցի հետևանքով։
Հետագայում պարզ դարձավ, որ զենքը չի հայտնաբերվել, հետևաբար չկա որևէ ապացույց։ 2019 թվականի օգոստոսի 4-ին Պետրոսյանն ազատ արձակվեց «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից, քանի որ լրացել էր կալանքի երկամսյա ժամկետը, իսկ նախաքննական մարմինը՝ ՀՔԾ-ն՝ ներկայիս Հակակոռուպցիոն կոմիտեն, կալանավորման ժամկետը երկարացնելու մասին միջնորդություն մինչ օրս չի ներկայացրել»: