«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՔՊ-ն այսօր երեկոյան՝ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո, վարչության նիստ է հրավիրելու: Նիստին մասնակցելու է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ականները քննարկելու են Հայաստանի ու Արցախի շուրջ ստեղծված իրավիճակը: Բանն այն է, որ ՔՊ-ականներն իրենք էլ զգում են, որ մեր վիճակը, հատկապես՝ Արցախի հարցում, մեղմ ասած, հուսադրող չէ, իսկ Ադրբեջանի հետ բանակցությունները գնալով փակուղի են մտնում, արտաքին ֆրոնտում մարտահրավերները շատանում են:
Հենց այս իրավիճակից ելնելով՝ ՔՊ-ականները որոշել են առավել հաճախ հանդիպել Փաշինյանի հետ, որպեսզի անձամբ նրանից տեղեկանան զարգացումների մասին:
Մեր տեղեկություններով՝ վարչության նիստում կքննարկվի նաև պատգամավոր, ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանի շուրջ ստեղծված իրավիճակը»: