Մամուլ

Ռուբեն Վարդանյանը բնակություն է հաստատել իր նախկին օգնականի տանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ռուբեն Վարդանյանն Արցախում բնակվում է իր նախկին օգնական Արմեն Հակոբջանյանի տանը, որի հետ հասցրել է մտերմանալ:

Տեղեկությունը փորձեցինք ճշտել Արմեն Հակոբջանյանից, որը չհաստատեց, բայց ոչ էլ հերքեց տեղեկությունը՝ հորդորելով Ռուբեն Վարդանյանի հետ կապված հարցերով դիմել անձամբ Վարդանյանին:

Երբ ասացինք, որ հարցը նաև իրեն է առնչվում, քանի որ, ըստ մեր տեղեկությունների, Վարդանյանը հենց իր տանն է մնում, Հակոբջանյանը կրկին չցանկացավ մեկնաբանություն տալ:
Ռուբեն Վարդանյանն իր պաշտոնանկությունից հետո հայտարարել էր, որ չի հեռանալու Արցախից և այնտեղ է իր գործունեությունը շարունակելու:

Վերջինս Արցախ էր եկել հենց նախագահ Արայիկ Հարությունյանի հրավերով և նրա առաջարկով էլ ստանձնել էր պետնախարարի պաշտոնը:

Ավելին՝ մինչ պաշտոն ստանձնելը Ռուբեն Վարդանյանը բնակվել է «Պարկ հոթել» հյուրանոցում, մինչև հասցրեց մտերմանալ Արցախի գրեթե բոլոր պետական մրցույթների հաղթող, «կոռուպցիայի հետ սերտ հարաբերոթյուններ ունեցող» Արման Հակոբջանյանի հետ և հիմա Ստեփանակերտի նրա տանն է ապրում:

Հիշեցնենք, որ Վարդանյանը, Արայիկ Հարությունյանի որոշմամբ, 6 ամիս պաշտոնավարելուց հետո ազատվեց պետնախարարի պաշտոնից»: