Մամուլ

Չի բացառվում, որ Արսեն Թորոսյանն առաջիկայում ձերբակալվի. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ օղակը ՀՀ առողջապահության նախկին նախարար, այժմ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանի շուրջ սեղմվում է: Չի բացառվում, որ Թորոսյանն առաջիկայում ձերբակալվի:
Երեկ նախաքննական մարմինը՝ Հակակոռուպցիոն կոմիտեն, ձերբակալեց Երեւանի փոխքաղաքապետ Գեւորգ Սիմոնյանին, քանի որ Սիմոնյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի օրոք նրա տեղակալն էր:

Տեղեկացանք նաեւ, որ այս գործով հարցաքննությունները ինտենսիվ շարունակվում են:
Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ հարցաքննվել է ՊԵԿ փոխնախագահ Արտյոմ Սմբատյանը, որը Թորոսյանի՝ նախարար եղած ժամանակ դարձյալ փոխնախարար է եղել եւ Քովիդի գծով համակարգողը: Ըստ մեզ հասած տեղեկությունների՝ առայժմ իրավապահները Սմբատյանին միայն հարցաքննել են, իսկ թե ինչ կլինի, ցույց կտա ժամանակը:

  
Շղթան այսքանով չի ավարտվում: Հարցաքննվել են նաեւ 5 հիվանդանոցի տնօրեններ, որոնք Քովիդով հիվանդների են սպասարկել:

Հարցաքննվել են նաեւ առողջապահության արդեն նախկին նախարար Թորոսյանի աշխատակազմի երեք ղեկավարները, որոնցից Լուսինե Քոչարյանը եւ Ծաղիկ Վարդանյանն անգամ առերեսվել են:
Այսպիսով, նախկին նախարար Արսեն Թորոսյանի գլխին սեւ ամպեր են կուտակվում, քանի որ, մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն, նրա դեմ ցուցմունք տվողներ կան, ինչը ենթադրել է տալիս, որ Թորոսյանը եւս առաջիկայում գուցե ձերբակալվի:

Հիշեցնենք, որ Թորոսյանն այն նախարարն էր, որ նշանակվելուց հետո շատ անվանի բժիշկների ու առողջապահության կազմակերպիչների մասով «լայվ» էր մտնում ու հրապարակային բոլորին թալանի, կոռուպցիայի համար մեղադրում: Հիմա բացահայտվել է, որ ինքն է ղեկավարել ու կազմակերպել թալանը: Ավելին՝ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իրավապահները Թորոսյանի գործունեության շուրջ միայն Քովիդի գործընթացով չէ, որ բացահայտումներ են արել:
Այլ նորություններ էլ կան, որոնց մասին կներկայացնենք առաջիկայում:

Հիշեցնենք, որ դեռեւս անցած տարի՝ նոյեմբերի 22-ին, «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ իրավապահ համակարգում ներքին քննարկում է եղել, որ Աժ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանին Հակակոռուպցիոն կոմիտեն պետք է հրավիրի հարցաքննության:

Ասել է թե՝ նախաքննական մարմինը պատրաստվել է ծանուցում ուղարկել Արսեն Թորոսյանին, սակայն իրավապահ համակարգում գնահատական է հնչել, որ նրան մեղադրանք առաջադրելու պահը դեռեւս չի հասունացել: Արդեն իսկ քրեական գործով ուշագրավ հանգամանքներ են ի հայտ եկել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս օրերին Հակակոռուպցիոն կոմիտեն ակտիվ կերպով հարցաքննության է հրավիրում «Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի աշխատակիցներին: Իսկ ի՞նչ քրեական վարույթի մասին է խոսքը: Ըստ քրեական վարույթով ձեռք բերված տվյալների՝ «ՀՀ-ում նոր կորոնավիրուսային վարակի (Covid-19) կանխարգելման, վերահսկման, բուժման այլ համալիր միջոցառումների» իրականացման ծրագրով ՀՀ կառավարությունը հատկացրել է ավելի քան 26 մլրդ ՀՀ դրամ, որն ամբողջությամբ ֆինանսավորվել է ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից:

Հիշյալ ծրագրի շրջանակում ՀՀ առողջապահության նախարարի 2020թ. հրամանով հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության «CՕVID-19»-ի ախտորոշման և բուժման դիմաց պետական բյուջեից փոխհատուցում ստացող՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպությունների ցանկը, որում ներառվել է նաև «Մեդլայն Կլինիկ» ՍՊ ընկերությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում