Մամուլ

25 հոգու նկատմամբ տնային կալանք է կիրառվել. «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթ գրում է․ «2023 թվականի հունվարի 1-ից Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված նոր խափանման միջոց է սկսել կիրառվել։ Նախկինում կային միայն բնակավայրից բացակայելու արգելքը` ստորագրությունը, գրավը եւ կալանավորումը, նոր Քրեական դատավարության օրենսգրքով ավելացել է նաեւ տնային կալանքը։

 

Նշենք, որ խափանման միջոցը կիրառվում է մինչդատական վարույթի, այսինքն՝ հարուցված քրեական վարույթի նախաքննության եւ դատական քննության ժամանակ՝ մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու համար, այսինքն՝ որպեսզի նա չփախչի նախաքննությունից, վկաների ցուցմունքների վրա ազդեցություն չունենա, նախաքննությանը չխոչընդոտի, նոր հանցագործություններ չկատարի եւ այլն, եւ որքան մեծ է հավանականությունը, որ մեղադրյալը կարող է նման վարք դրսեւորել, այնքան ավելի խիստ խափանման միջոց է կիրառվում։ Սա, իհարկե, օրենքի տրամաբանությունն է, իսկ իրականում Հայաստանում կալանքը ոչ թե մեղադրյալի պատշաճ վարքագիծն ապահովելու գործիք է, այլ վաղուց արդեն պատժի միջոց է դարձել, եւ մարդուն կալանքի տակ են պահում նույնիսկ այն դեպքերում, երբ բոլոր վկաները հարցաքննվել են, եւ մեղադրյալը որեւէ ազդեցություն չի կարող ունենալ վարույթի քննության վրա, չի կարող փախչել եւ այլն։ 2022 թվականի ամռանը ողբերգական դեպք տեղի ունեցավ, երբ կալանքի մեջ գտնվող պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը մահացավ դատարանի դահլիճում։ Ավելի վաղ կալանքը կրելու հետեւանքով ծանր հիվանդություն էր ստացել, որի հետեւանքով էլ հետագայում մահացավ գեներալ Մանվել Գրիգորյանը։ Նոր խափանման միջոց տնային կալանքն ավելի մեղմ խափանման միջոց է, քան կալանավորումը, սակայն ավելի խիստ, քան գրավը։

   
 
Այս մասին «Հրապարակի» հարցմանն ի պատասխան տեղեկացրել է դատախազության կազմակերպական-վերահսկողական եւ իրավական ապահովման վարչության դատախազի պաշտոնին գործուղված դատախազ Վարդգես Դաշտոյանը։ «Տնային կալանքն ավելի խիստ խափանման միջոց է, քան գրավը՝ հաշվի առնելով անձի իրավունքների ու ազատությունների նկատմամբ միջամտության ինտենսիվությունը, ինչպես նաեւ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 115-րդ հոդվածի շարադրանքի տրամաբանությունը»,- մեզ պատասխանել է Դաշտոյանը՝ նշելով, որ տնային կալանք խափանման միջոցի նկատմամբ հսկողությունն իրականացնում է ՀՀ արդարադատության նախարարության Պրոբացիայի պետական ծառայությունը։

Դատախազությունից փոխանցել են նաեւ, որ 2023 թվականի մարտի 1-ի դրությամբ տնային կալանքը՝ որպես խափանման միջոց, արդեն կիրառվել է 25 անձի նկատմամբ։ Դատախազությանը հարցրել էինք նաեւ, թե որ դեպքերում է դատախազությունը միջնորդում կիրառել տնային կալանք, այլ ոչ թե կալանավորում, ի՞նչ չափանիշներ է հաշվի առնում։ Դատախազը պատասխանել է․ «Այդ հարցին սպառիչ պատասխան տալ հնարավոր չէ, քանի որ խափանման միջոցի կիրառումը հիմնված է մեղադրյալի օրինական վարքագիծն ապահովող եւ դրան խոչընդոտող բոլոր հնարավոր հանգամանքների գնահատման վրա, ինչը յուրաքանչյուր դեպքում առանձնահատուկ է»»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։