Մամուլ

70 հազար կազմակերպություն դեռ հայտարարագիր չի ներկայացրել․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Կառավարությունը բոլոր իրավաբանական անձանց, այդ թվում՝ ոչ առևտրային կազմակերպություններին՝ ՊՈԱԿ-ներ, ՀՈԱԿ-ներ, անկախ կազմակերպաիրավական տեսակից, պարտավորեցրել էր 2023 թվականի հունվարի 1-ից իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնել: Հայտարարագիր ներկայացնելու վերջնաժամկետ նախապես սահմանված էր մինչև մարտի 1-ը, սակայն, հաշվի առնելով վերջին օրերին Իրավաբանական անձանց իրական շահառուների հայտարարագրման տեղեկատվական համակարգի գերծանրաբեռնվածության արդյունքում համակարգում առաջացող խնդիրները, որոշում կայացվեց մինչև ապրիլի 1-ը չհարուցել վարչական վարույթներ՝ իրական շահառուների վերաբերյալ հայտարարագրի չներկայացման հիմքով՝ դրանով իրավաբանական անձանց տալով հավելյալ ժամկետ պարտավորության կատարումն ապահովելու համար։

Մինչև սահմանված ժամկետը պարտավորությունը չկատարելու դեպքում սկզբում կհայտարարվի նախազգուշացում, թերի կամ ոչ ճշգրիտ տեղեկատվության ներկայացման դեպքում՝ վարչական տուգանք՝ մինչև 100 հազար դրամի սահմաններում: Հայտարարագրով ստացված տվյալները բաց են լինելու, այսինքն՝ պետական ռեգիստրի գործակալության կայքում հասանելի են լինելու բոլոր իրավաբանական անձանց իրական շահառուների վերաբերյալ տեղեկությունները:

«Ժողովուրդ» օրաթերթին Արդարադատության նախարարությունից տեղեկացրել են, որ հունվարի 1-ից մինչև մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում շուրջ 30.000 հայտարարագիր ներկայացվել է պետական ռեգիստրի գործակալություն, օրական միջինում 1000-1500 լիազորագիր ներկայացվում է համակարգում գրանցելու նպատակով։ Նախարարությունից հայտնում են նաև, որ 70.000 կազմակերպության կողմից դեռևս հայտարարագրեր չեն ներկայացվել»: