«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը պատրաստվում է ԳՇ պետ Էդուարդ Ասրյանին լսելուց հետո հանձնաժողով հրավիրել ԳՇ նախկին պետերին:
Ստացվում է, որ առաջիկայում հանձնաժողով պետք է ներկայանան ԳՇ նախկին պետ, ներկայումս անորակ հրթիռների գործով մեղադրյալ Արտակ Դավթյանը, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Ի դեպ, մեզ հասած լուրերի համաձայն՝ ԳՇ նախկին պետերին լսելուց հետո գործը կհասնի պաշտպանության նախարարներին: Այստեղ հանձնաժողովում հարց է բարձրացվել նաև 44-օրյա պատերազմի ժամանակ նախարար եղած Դավիթ Տոնոյանի մասին, որը կալանքի տակ է. հարց է հնչել՝ ինչպե՞ս պետք է լուծել նրան ԱԺ կանչելու հարցը:
Մեր տեղեկություններով՝ որոշվել է, որ հանձնաժողովը կգնա «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ կամ բոլորին հայտնի «ԿԳԲ-ի պադվալ», թեև քննիչը արգելանք է դրել նրա բոլոր տեսակցությունների վրա:
Հիշեցնենք, որ Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովն օրերս կենդանության նշաններ ցույց տվեց։ Մեկ տարի առաջ ստեղծված հանձնաժողովը միայն օրերս առաջինը հանձնաժողով հրավիրեց Զինված ուժերի ԳՇ պետ Էդվարդ Ասրյանին: Նա պատերազմի ժամանակ զբաղեցնում էր ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետի պաշտոնը։
Նշենք՝ առաջիկայում «ԱԺ կանոնակարգ»-ում փոփոխություն է կատարվելու, ըստ որի՝ հանձնաժողով չներկայացողներին պատասխանատվության կենթարկեն»: