Մամուլ

Մանրամասներ ՔՊ պատգամավորների և ՆԳ նախարարի դռնփակ հանդիպումից․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ-ում հանդիպել է ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հետ:

«Ժողովուրդ» օրաթերթին այդ դռնփակ հանդիպումից մանրամասներ են հայտնի դարձել: Նախ նշենք, որ հանդիպումը տևել է 2.5 ժամից ավելի: Մենք տեղեկացանք, որ պատգամավորների ու նախարարի միջև ակտիվ երկխոսություն է ծավալվել: Ինչպես նշել էինք, այդ հանդիպումը նախաձեռնվել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից, և խորհրդարան եկած նախարարին հարցեր են ուղղել նոր ստեղծված նախարարության աշխատանքի մասին ևս: Հետաքրքիր է, որ հարցուպատասխանի ժամանակ շատ են եղել հարցեր թմրամոլության դեմ պայքարի մասին:

Հավելենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կրկին ակտիվացել և որոշել է պարբերաբար նման հավաքնել կազմակերպել խորհրդարանում՝ հրավիրելով գործադիրի ներկայացուցիչներին»: