Մամուլ

Տեսչական մարմնի աշխատակազմում թափուր հաստիքներ են. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ՀՀ կառավարությանը ենթակա Քաղաքաշինության, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության տեսչական մարմինը, չնայած շատ կարեւոր գործառույթներ ունի կատարելու, որպեսզի շարունակ կրկնվող հրդեհները գոնե չլինեն, սակայն դրա համար անհրաժեշտ աշխատակազմը մասամբ է համալրված:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, օրինակ, պետ չունեն Իրավական աջակցության եւ փաստաթղթաշրջանառության վարչությունը, տեխնիկական եւ հրդեհային անվտանգության վարչությունը, Էներգետիկայի եւ էներգասպառման վերահսկողության վարչությունները, ինչպես նաեւ Երեւանի քաղաքաշինական գործունեության, գեոդեզիայի եւ հողօգտագործման վերահսկողության բաժանմունքը: Կան նաեւ բաժիններ, որոնք թափուր հաստիքներ ունեն:

  
Թափուր է նույն Իրավական աջակցության եւ փաստաթղթաշրջանառության իրավաբանական բաժնի պետի, Քաղաքաշինական գործունեության վերահսկողության վարչության քաղաքաշինական վերահսկողության բաժնի պետի պաշտոնները: Իսկ ինչո՞վ է զբաղված այս կառույցը: Պաշտոնական կայքում վերջին նորությունը հրապարակվել է այս տարվա հունվարի 13-ին՝ որպես իրազեկում վերելակների փորձաքննության պարտադիր լինելու վերաբերյալ:

Այս կառույցն ակտիվ է ֆեյսբուքյան էջում եւ պարբերաբար հայտնում է այս կամ այն ընկերության աշխատանքը դադարեցնելու որոշման մասին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում