«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլի 28-ին ուժի մեջ է մտնելու ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավորներ Վիլեն Գաբրիելյանի, Անդրանիկ Քոչարյանի եւ Արմեն Խաչատրյանի հեղինակած «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքը, որն ամբողջությամբ ընդունվեց անցած տարվա հոկտեմբերի 5-ին եւ նախագահի կողմից ստորագրվեց հոկտեմբերի 26-ին։ Այդ օրենքը քաղաքացիներին զենք կրելու հնարավորություն է տալիս։
Օրենքում առանձին սահմանվել էր «քաղաքացիական զենք» հասկացությունը:
Քաղաքացիական զենք են համարվում գազային զենքը, օդաճնշիչ զենքը, ողորկափող հրազենը, համակցված հրազենը (ողորկափող եւ ակոսափող), այդ թվում՝ փոփոխվող, ներդրվող ակոսավոր փողով, ակոսափող՝ 1500 մմ-ից ոչ ավելի երկարություն եւ 12.7 մմ-ից ոչ ավելի տրամաչափ ունեցող փողով հրազենը, սառը զենքը եւ նետողական զենքը․ «Զենքի մասին» օրենքի համաձայն՝ նետողական զենք են համարվում մարդու մկանային ուժի կամ մեխանիկական սարքի օգնությամբ նպատակաուղղված շարժում ստացող նետման համար հարմարեցված առարկաները (նետվող հարմարանքի միջոցով որոշակի հեռավորության վրա գտնվող կենդանի նշանակետը խոցելու հատուկ նախատեսված զենք), այսինքն, նետողական զենք կարող են համարվել նիզակը, նետն ու աղեղը, բումերանգը, յաթաղանը, ճապոնական Սայ տեսակի դաշույններն ու Սուրիկեն աստղիկները եւ այլն։
Երեկ ոստիկանությունը շրջանառության մեջ է դրել քաղաքացիական զենք կրելու թույլտվություն ստանալու համար նախատեսված քննությունների կարգը։ Ըստ դրա՝ քննությանը կարող են ներկա գտնվել ՀԿ ներկայացուցիչներ։
Քաղաքացիների կողմից զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական եւ գործնական քննությունների գործընթացն իրականացնելու նպատակով Կազմակերպության ղեկավարի ակտով ստեղծվում է քննական հանձնաժողով, որը գնահատում է զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության տեսական մակարդակը, գնահատում է զենքի հետ կապված եւ անվտանգության կանոնների իմացության գործնական հմտությունների մակարդակը:
Քննությունների տեսական մասն անցկացվում է բանավոր՝ տոմսերի միջոցով, գործնական մասը՝ առաջադրանքների միջոցով։ Քննության համար սահմանվել է 10 բալանոց համակարգ, 4-6 միավորը բավարարն է, 7-8-ը՝ լավը, 9-10-ը՝ գերազանցը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում