«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդիկ Հակոբյանի որդին նոր մանրամասներ է ներկայացնում Հրայր Հակոբյանի և իրենց ունեցած վեճի մասին։
Այս տարվա հունվարի 31-ին ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, դատական հայց էր ներկայացրել Երևանի շամպայն-գինիների գործարանի կառավարմամբ զբաղվող հորեղբոր` Հրայր Հակոբյանի դեմ: «Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին Վերսանդիկ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, քաղաքացիական դատարանում հորեղբոր դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով, որ ժառանգական գույք (շինություններ, ունեցվածք, բիզնես և այլն) ճանաչեն որպես այդպիսին: Նկատենք, որ դատարանը գործն ընդունել է վարույթ։
Դատելով իրավիճակից՝ ԱԺ նախկին պատգամավորի մահվանից հետո վերջինիս որդիները իրենց հոր ժառանգության խնդրով բախվել են հորեղբոր հետ, բանավոր կերպով չեն կարողացել հասնել արդարության և հասել են դատարան:
«Ժողովուրդ» օրաթերթն այս առիթով զրուցել էր նաև Հրայր Հակոբյանի հետ՝ հասկանալու համար, թե նա ինչ խնդիրներ ունի իր եղբոր որդիների հետ, որ գործը հասել է դատարան: Ի պատասխան՝ Հրայր Հակոբյանն ասաց. «Դրանում որևէ բան չկա, ժառանգության հետ է կապված: Օրն եկել է, ամեն ինչ ընթացքով կլուծվի: Կռիվ-մռիվ չէ, իրար չենք խփում, որևէ խնդիր չունենք. եթե լինի, Ձեզ տեղյակ կպահենք»: Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթին չհաջողվեց գտնել ԱԺ նախկին պատգամավորի որդուն՝ Կարեն Հակոբյանին, որ անձամբ հոր ժառանգության հարցով դիմել է դատարան, սակայն կարողացանք գտնել ԱԺ նախկին պատգամավորի մյուս որդուն՝ Արմեն Հակոբյանին, և խնդրեցինք, որ նա մեկնաբանի, թե ինչու է եղբայրը դատի տվել հորեղբորը:
Ի պատասխան մեր հարցադրմանը՝ ԱԺ նախկին պատգամավորի որդի Արմեն Հակոբյանը հայտնեց. «Նախ ուզում եմ ասել, որ ազնիվ ժուռնալիստիկան ենթադրում է փաստերի երկկողմանի ներկայացում և ոչ թե մի կողմի հայտարարություններն որպես հիմք ընդունելը։ Բայց վստահեցնում եմ Ձեզ, որ դա էլ անհետևանք չի մնա։ Մեր հորեղբոր՝ սպառնալիքներ պարունակող հայտարարությունները չեմ պատրաստվում մեկնաբանել։ Մենք ապրում ենք ժողովրդավար երկրում և մտադրված ենք մեր շահերն ու իրավունքները պաշտպանել համապատասխան ատյաններում։ Ես կնշեմ ընդամենը, որ Հրայր Հակոբյանը մեր հոր մահից մի քանի ամիս անց, առանց մեզ տեղեկացնելու, վաճառել է 90-ականներից Հակոբյանների ընտանիքի սիմվոլ դարձած «Ոսկե Ձկնիկ» ռեստորանային համալիրը։ Հասարակությունը լավ գիտի, որ հայրս և իր եղբայրը միասին են հիմնել իրենց բիզնեսները, հետևաբար աբսուրդային իրավիճակի մեջ ենք հայտնվել։ Փաստացի ո՛չ միայն զրկվեցինք գույքից, այլև անտեսվեցին մեր հոր՝ Վերսանդ Հակոբյանի ահռելի ներդրումն ու ջանքերը: Այսքանը»: