Մամուլ

157 մլն դրամ՝ Թուրքիա և Սիրիա օգնություն ուղարկելու համար․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Արտակարգ իրավիճակների նախարարությանը կհատկացվի 157 մլն 816 հազար դրամ: Տեղեկացանք, որ այդ գումարը տրամադրվելու է Թուրքիայի և Սիրիայի երկրաշարժից տուժածներին սնունդ և անկողնային պարագաներ տրամադրելու նպատակով։ Նկատենք՝ փետրվարի 6-ին տեղի ունեցած ավերիչ երկրաշարժը Թուրքիայում խլել է 41 հազարից ավելի մարդու կյանք, Սիրիայում ՝ 5 հազարից ավելի:

Ավերիչ երկրաշարժերից հետո Հայաստանի կողմից երկու անգամ Թուրքիա մարդասիրական օգնություն է ուղարկվել: Այն հնարավորություն է եղել իրականացնել 1993 թվականից փակված Մարգարայի կամրջով: «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ զբաղվող իշխանության անդամները նախորդ տարվա դեկտեմբերին երկու անգամ հանդիպում են ունեցել հենց Մարգարայի կամրջի մոտ, ուսումնասիրել կամրջի վիճակը, անգամ նմուշառում անցկացրել և եկել այն եզրակացության, որ այն պիտանի է:

Երեկ էլ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն է Թուրքիա մեկնել, հանդիպումներ ունեցել և այցելել նաև այնտեղ ծառայություն իրականացնող հայ փրկարարներին»: