Մամուլ

Ինչո՞ւ Գագիկ Մելքոնյանը չմասնակցեց իր ընկերոջ հարցով քվեարկությանը․ «Ժողովուրդ»

Ինչո՞ւ Գագիկ Մելքոնյանը չմասնակցեց իր ընկերոջ հարցով քվեարկությանը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի և խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու որոշում է արդեն կայացրել։

Մինչ այդ էլ՝ փետրվարի 9-ին, ՔՊ-ն միաձայն կողմ քվեարկությամբ ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու թույլտվություն տվեց։ Ինչպես արդեն հայտնել ենք, քվեարկությանը չէր մասնակցել ՔՊ 3 պատգամավոր. Մարիամ Պողոսյանն այդ օրերին գործուղման էր, իսկ Վիգեն Խաչատրյանն ու Գագիկ Մելքոնյանն այդ օրը ԱԺ չէին եկել հիվանդ լինելու պատճառով:
ՔՊ-ի ներսում այդ օրերին խոսակցություններ են պտտվել, որ իրականում Գագիկ Մելքոնյանին հետ է պահել Սեյրան Օհանյանի հետ նախկինում ունեցած մտերիմ հարաբերությունները:

Նշենք, որ Գագիկ Մելքոնյանը 2000-2008թթ. ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալն է եղել՝ Զինված ուժերի թիկունքի պետը, իսկ Օհանյանը 2007-ից՝ ՊՆ ԳՇ պետը, 2008-ից` նախարար։

«Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով մի քանի հարց է ուղղել Գագիկ Մելքոնյանին:

–Պարո՛ն Մելքոնյան, խոսակցություններ են շրջանառվում, որ իրականում Սեյրան Օհանյանի հետ Ձեր նախկին մտերմությունն է հետ պահել, որ գաք ու Ձեր թիմակիցների հետ մասնակցեք նրան անձեռնմխելիությունից զրկելու քվեարկությանը:

-Ես հիվանդանոցում եմ եղել, վատառողջ էի, դրա համար էլ չեմ եկել։

–Իսկ եթե գայիք, ինչպե՞ս կվարվեիք. Օհանյանի հետ ունեցած Ձեր ընկերական հարաբերությունները հաշվի կառնեի՞ք, թե՞ կշարժվեիք այնպես, ինչպես Ձեր թիմակիցները, և կողմ կքվեարկեիք:

-Ես չեմ պատասխանի այդ հարցին. ոչինչ չեմ կարող ասել, քանի որ քվեարկությունը գաղտնի է»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական