Մամուլ

ՌԴ-ն հյուպատոսություն կբացի՞ Սյունիքում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2022 թվականի հոկտեմբերի 21-ին՝ Կապանում Իրանի գլխավոր հյուպատոսության բացումից հետո, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ նման ցանկություն է հայտնել նաև Հայաստանում ՌԴ-ի դեսպանատունը: Տեղեկացանք, որ խոսքը կրկին Սյունիքի մարզում հյուպատոսություն բացելու մասին է:

Մեր տեղեկություններով՝ Ռուսաստանն իր այդ ցանկության մասին Հայաստանի Հանրապետության իշխանություններին տարբեր խողովակներով ասել է: 

«Ժողովուրդ» օրաթերթը հարցումով դիմեց ՀՀ արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով պարզաբանել, թե պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես ՌԴ-ն Սյունիքում հյուպատոսություն բացելու հարցով արդյոք դիմել է ՀՀ-ին: Ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ-ից հայտնել են. «Հայաստանի Հանրապետությունը Ռուսաստանի Դաշնությունից Սյունիքի մարզում ՌԴ հյուպատոսություն բացելու պաշտոնական առաջարկ չի ստացել»: