Մամուլ

ՄԻՊ-ի նոր ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քրիստինե Գրիգորյանի հրաժարականից հետո մարդու իրավունքների պաշտպանի արդեն 2-րդ ժամանակավոր պաշտոնակատարն է նշանակվում։ Նախ այդ պաշտոնը զբաղեցրեց ՄԻՊ աշխատակազմի քաղաքացիական, սոցիալ-տնտեսական և մշակութային իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Վլադիմիր Հովհաննիսյանը, քանի որ «ՄԻՊ մասին» օրենքով` մինչև նոր պաշտպանի ընտրությունը պետք է նրա պարտականությունները կատարի աշխատակազմի դեպարտամենտի տարիքով ամենամեծ ղեկավարը: Սակայն երեկ տեղեկացանք, որ Վլադիմիր Հովհաննիսյանն այլևս ՄԻՊ ԺՊ-ն չէ, նրա փոխարեն այդ պաշտոնին է նշանակվել աշխատակազմի քրեական արդարադատության ոլորտում և զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության դեպարտամենտի ղեկավար Հրանտ Ջիլավյանը։

Ջիլավյանը ՄԻՊ գրասենյակում աշխատանքի է անցել Քրիստինե Գրիգորյանի օրոք, այդ դեպարտամենտն Արման Թաթոյանի ժամանակ ղեկավարում էր հայտնի իրավաբան Արտյոմ Սեդրակյանը, սակայն նա Թաթոյանի հետ հեռացավ պաշտոնից։ Ջիլավյանը 28 տարեկան է, ներկայում դասավանդում է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում՝ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնում։ Հարցին, թե երբ է նշանակվել նա, և ինչու են փոխել Վլադիմիր Հովհաննիսյանին, ՄԻՊ աշխատակազմից չպատասխանեցին, գրավոր հարցում պահանջեցին։ Նշենք, որ Ազգային ժողովը 10-օրյա ժամկետում ՄԻՊ թեկնածու այդպես էլ չառաջադրեց և եթե հաջորդ 10 օրերի ընթացքում կրկին չառաջադրի, ապա հնարավոր է, որ ՄԻՊ նորանշանակ ԺՊ-ն շատ ավելի երկար պաշտոնավարի, մինչև ՔՊ-ն կարողանա թեկնածու գտնել, ինչը, ըստ ամենայնի, հեշտ գործ չէ»: