Մամուլ

Անձեռնմխելիությունից զրկվելուց հետո ի՞նչ է սպասվում Սեյրան Օհանյանին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ-ն երեկ անձեռնմխելիությունից զրկեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանին։ Ընդդիմադիր պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդման գործընթաց կսկսվի:

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Սեյրան Օհանյանի դեմ հանրային քրեական հետապնդում հարուցելու 3 միջնորդություն էր ներկայացրել, որոնցից առաջինը վերաբերում էր զորամասի տարածքների օտարմանը, երկրորդ միջնորդագիրը գաղտնի էր և քննարկվեց փակ նիստում, իսկ երրորդ միջնորդագիրը վերաբերում էր արդեն պաշտոնավարման ընթացքում թույլ տված չարաշահումներին:

Դատախազի միջնորդությունները լսելուց հետո ՔՊ-ականները միաձայն քվեարկությամբ համաձայնություն տվեցին, որպեսզի Սեյրան Օհանյանը զրկվի պատգամավորական անձեռնմխելիությունից:

Ընդդիմությունը բոյկոտել էր թե’ հարցի քննարկումը, թե’ քվեարկությունը:

Ասել է թե՝ գնդակն արդեն դատախազության դաշտում է. Օհանյանի հետ կապված մյուս հարցերը քննարկվելու են իրավական տիրույթում: Վարույթ իրականացնող մարմինն արդեն կարող է մեղադրանք առաջադրել վերջինիս և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն ներկայացնել դատարան:

Թեև Օհանյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից, բայց նա շարունակում է պահպանել իր պատգամավորական մանդատը և հանդիսանում է «Հայաստան» խմբակցության ղեկավար:

Նրա պատգամավորական լիազորությունները կհամարվեն դադարեցված, երբ ազատազրկման դատապարտելու որոշում կայացվի: Կալանքի համար դատախազը կրկին պետք է խորհրդարան գա և պատգամավորների համաձայնությունը ստանա»: