Մամուլ

Հանրային վայրերի օգտագործման կանոնները խախտելը՝ տուգանք. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Չնայած Ազգային ժողովի նստաշրջանը մեկնարկել է, և օրակարգում 20-ից ավելի հարց է ընդգրկված, սակայն բոլորի ուշադրությունն այն միջնորդություններն են, որ խորհրդարանում արդեն ներկայացրել և պետք է ներկայացնի ՀՀ գլխավոր դատախազը պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արմեն Չարչյանի մասով։

ԱԺ օրակարգում կան այլ հարցեր ևս, որոնք կարևորություն են ներկայացնում։ Դրանցից մեկով Երևանի քաղաքապետարանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում են փոփոխություններ կատարել «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում։ Մասնավորապես՝ այսուհետ Երևանի ավագանին ունենալու է նոր գործառույթ և կարողանալու է սահմանել բացօթյա վայրերում (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) մշակութային գործունեության իրականացման կարգը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ հանրային վայրերում (բացօթյա վայրերում) իրականացվող ստեղծագործական, մշակութային գործունեությունը կարող է լուրջ անհարմարություններ պատճառել այլ քաղաքացիներին: Եվ, ահա, Երևանի ավագանու կողմից կարգը սահմանելուց զատ, նաև փոփոխություններ են կատարվելու «Վարչական իրավախախտումների մասին» օրենքում։ Ըստ այդմ՝ մշակութային գործունեության իրականացման նպատակով հանրային բացօթյա վայրերի (փողոց, մայթ, հրապարակ, այգի, պուրակ և այլն) օգտագործման պայմանները, պահանջները և սահմանափակումները խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից երկուհարյուրապատիկի չափով:

Արարքը կրկին կատարելը վարչական տույժի միջոց կիրառելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում, առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից մինչև ութհարյուրապատիկի չափով՝ խախտողի անձնական սեփականություն հանդիսացող այն առարկաների բռնագրավմամբ, որոնք հիշյալ խախտումները կատարելու գործիք են համարվել, կամ առանց դրանց բռնագրավման: Սա նշանակում է, որ որևէ հանրահավաք գուցե քաղաքային իշխանության սրտով չլինի, և վերջինս տուգանի կազմակերպիչներին»: