Մամուլ

ՍԴ–ում տիրող իրավիճակի մասին․ «Ժողովուրդ»

ՍԴ–ում տիրող իրավիճակի մասին․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի շուրջ Սահմանադրական դատարանում տիրող իրավիճակի վերաբերյալ:

Մասնավորապես, Սահմանադրական դատարանում կա կոնկրետ փաստաթուղթ, որտեղ արձանագրված է, որ հունվարի 10-ի ՍԴ աշխատակարգային նիստի ժամանակ Սեդա Սաֆարյանը ՍԴ դատավորներին խոստովանել է, թե ինչ քայլ է արել: Արձանագրվել է, թե ՍԴ դատավորները ինչ հարցեր են տվել իրեն:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ ՍԴ դատավորները հունվարի 10-ից համարել են, որ սկսվել է հաշվարկը, ու հենց այդ օրվանից իրենք ունեն երեք ամիս ժամանակ դիմում ներկայացնելու Սեդա Սաֆարյանի գործողության մասով: Եվ, ահա, 3 օրից կլրանա մեկ ամիսը, սակայն մինչ օրս որևէ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասով դիմում չի ներկայացրել: Դեռևս կա երկու ամիս, ու ոչինչ բացառել հնարավոր չէ:

Հիշեցնենք, որ հունվարի 19-ին 168.am -ը և փաստաբան Արսեն Բաբայանը տեղեկություն հրապարակեցին այն մասին, որ 2022թ. դեկտեմբերի 28-ին Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը՝ որպես դիմողների ներկայացուցիչ, այսինքն՝ որպես փաստաբան, հատուկ վերանայման վերաքննիչ բողոք է մուտք արել Վերաքննիչ քրեական դատարան, այսինքն՝ զբաղվել է փաստաբանությամբ:

Սեդա Սաֆարյանը, սակայն, չէր կարող հանդես գալ որպես փաստաբան, քանի որ նա դատավոր է. դա արգելված է օրենքով»:

 

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական