Մամուլ

Իշխան Սաղաթելյանը ենթարկվել է վիրահատության․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ «Դիմադրության շարժման հավաքները դադարեցնելուց հետո, Իշխան Սաղաթելյանի գործընկերները վերադարձել էին խորհրդարան, սակայն ինքը չէր մասնակցում նիստերին։ Մենք տեղեկացանք, որ այս ընթացքում նա շնչառական համակարգի հետ կապված մի քանի վիրահատություն է տարել։ Երեկ նրան հարցրինք՝ այսուհետ մասնակցելո՞ւ է ԱԺ նիստերին։ «Էսօր խորհրդարանական լսումներ էին կազմակերպվել շատ կարեւոր թեմայով, բնականաբար՝ մասնակցել եմ լսումներին, հաջորդ շաբաթ հերթական նիստ կա, նաև մեր պահանջով հրատապ նիստ է լինելու՝ բանակում տիրող իրավիճակի հետ կապված, որտեղ պաշտպանության նախարարին ենք հրավիրելու՝ բացատրություն տալու, վերջին դեպքերի հետ կապված։ Բնականաբար՝ ես էլ ներկա կլինեմ։ Մնացած ընթացքը եւ օրակարգերը հետո կերեւան»,- ասաց Իշխան Սաղաթելյանը։

 

- Մենք տեղեկացանք, որ Ձեր պասիվությունը պայմանավորված էր նաեւ նրանով, որ վիրահատություն եք տարել։

- Այո, նման խնդիր կար, ճիշտ է, փառք Աստծու՝ հիմա ամեն ինչ նորմալ է, արդեն դուրս եմ եկել աշխատանքի։

- Իսկ փողոցային պայքարի՞ երբ եք դուրս գալու։ Հիմա շատերին հենց դա է հետաքրքրում։

- Դա մեր օրակարգում մշտապես կա, շատ հստակ բազմիցս դրան անդրադարձել ենք, անկախ խորհրդարանական գործունեությունից, այս իշխանության հեռացման ճանապարհը համաժողովրդական անհնազանդությունն է եւ փողոցային պայքարը։ Այսինքն՝ բացառապես խորհրդարանական գործունեությամբ հնարավոր չէ ազատվել այս իշխանությունից։ Հետեւաբար, դա մշտապես մեր օրակարգում կա, այսօր էլ մենք ակտիվ քննարկումների մեջ ենք, պետք է գտնենք էն ճանապարհներն ու լուծումները, որով մեր առջեւ դրված խնդիրները կարողանանք իրականացնել։

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում