«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 15 զինվորներին կյանքից զրկելու գործով քննարկվում է սպայի հարցը։ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված N զորամասի ինժեներասակրավորային վաշտի անձնակազմի համար նախատեսված կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով նախաքննական մարմինը քննարկում է սպայի մեղադրանքի և խափանման միջոցի հարցը: Նախաքննական մարմինը քննարկել է այն հարցը, որ նա դեռ բուժման մեջ է, սակայն վերոնշյալ հանգամանքը հաշվի առնվել է, և առաջիկայում սպայի մասով կոնկրետ քայլեր կիրականացվեն: Մեզ հասած բացառիկ տեղեկությունների համաձայն՝ սպան հարցաքննվել է, իսկ թե ինչ է նա պատմել իրավապահներին, կներկայացնենք առաջիկայում:
Նշենք, որ 2023 թվականի հունվարի 25-ին որոշում էր կայացվել ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ի նկատմամբ հարուցել հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով (Զինվորական պաշտոնեական անփութություն, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), և հունվարի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գ.Ա.-ն կալանավորվեց»: