Մամուլ

Նախկին պատգամավորի որդին դատի է տվել հորեղբորը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ԱԺ նախկին պատգամավոր Վերսանդ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, դատի է տվել Երևանի շամպայն-գինիների գործարանի կառավարմամբ զբաղվող հորեղբորը` Հրայր Հակոբյանին:

«Ժողովուրդ» օրաթերթը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ 2022 թվականի դեկտեմբերի 22-ին Վերսանդիկ Հակոբյանի որդին՝ Կարեն Հակոբյանը, քաղաքացիական դատարանում հորեղբոր դեմ հայց է ներկայացրել՝ պահանջելով, որ ժառանգական գույք (շինություններ, ունեցվածք, բիզնես և այլն) ճանաչեն: Նկատենք, որ դատարանը գործը ընդունել է վարույթ, և գործը մակագրվել է դատավոր Լիզա Գրիգորյանին:

Դատելով իրավիճակից՝ ԱԺ նախկին պատգամավորի մահվանից հետո վերջինիս որդիները իրենց հոր ժառանգության խնդրով բախվել են հորեղբոր հետ, բանավոր կերպով չեն կարողացել հասնել արդարության և հասել են դատարան: Ինչով կավարտվի վեճը՝ կիմանանք՝ հետևելով զարգացումներին»:

Հետևեք մեզ Telegram-ում։